Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։ Հատկանշական է, որ վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը։
Վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հետ կապված Factor.am-ը մեկնաբանություն է խնդրել նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, ով փոխանցել է, որ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են, և հանրությանը տեղեկություն կներկայացվի։
Տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Նա չի հերքել տեղեկությունը, որ տեսանյութը նկարահանել է Առաջին ալիքը։ Հարցին՝ արդյո՞ք պարզել են, թե ինչպես է Առաջին ալիքից վարչապետի մասնակցությամբ տեսանյութի արտահոսք տեղի ունեցել, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանել է. «Ո՛չ, որովհետև դեռ չենք պարզել։ Երբ պարզենք, հրապարակավ կտեղեկացնենք: Եվ կխնդրեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր գրեք, վաղն առավոտյան աշխատանքային օր է, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







