Ըստ հարցման տվյալների՝ ՀՀ քաղաքացիների 23%-ը լիովին դրական, իսկ 31,9%-ն ավելի շուտ դրական են վերաբերում նախագծին։ Հարցվածների 12%-ը ավելի շուտ բացասական, իսկ 19,3%-ն՝ ընդհանրապես բացասական են վերաբերում։ 13,8%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հավատո՞ւմ են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում ՀՀ-ն կանդամակցի ԵՄ-ին, ՀՀ քաղաքացիների 51%-ը նշել է, որ հավատում է, չի հավատում 40%-ը, իսկ 9%-ը դժվարացել է պատասխանել։
2024-ի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Հայաստանի խորհրդարանը 2024-ի հունիսի 21-ին լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի վերաբերյալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 1-ին «ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նպատակահարմար չէր համարել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
2024-ի հոկտեմբերի վերջին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով օրենքի ընդունման համար ստորագրահավաքի նախաձեռնողները հայտնել էին 60 000 ստորագրություն հավաքելու մասին, որն ավելին է, քան անհրաժեշտ էր։ Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագծին, որը պաշտոնականացնում է Հայաստանի մտադրությունը՝ շարժվել դեպի եվրաինտեգրում, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել «ավելի աշխատանքային մթնոլորտ» ԵՄ ներկայացուցիչների հետ այս օրակարգի հետագա քննարկման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







