«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
- Ըստ այդմ՝ նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։
- Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։
- Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։
- Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։
- Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝ -«A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։ -«B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ -«C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում՝ իրականացնել և´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։
- Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ անգամ՝ 4 օր, և հինգ տարին մեկ անգամ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։ Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







