Հնդկաստանի, Հայաստանի, Հունաստանի և Ֆրանսիայի միջև պոտենցիալ պաշտպանական համագործակցությունը բխում է բոլոր այս երկրների շահերից, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
«Կարծում եմ՝ բոլոր չորս երկրներն էլ շատ մոտ գործընկերներ են, բայց այս պահին քառակողմ ձևաչափի մասին խոսելը վաղաժամ է։ Վստահ եմ, որ եթե նման համագործակցություն լինի, ապա բոլոր երկրները կշահեն»,- նշել է դեսպանը։
Սինհան ընդգծել է հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում՝ նշելով, որ երկկողմ կապերի զարգացմանը նոր խթան են հաղորդել 2021 թվականին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը, ինչպես նաև Հայաստանի ԱԳ նախարարի 2022 և 2023 թվականների այցերը։
«Մեր պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում։ Պաշտպանական համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև դիտարկում ենք կարողությունների զարգացումը: Լինի դա ռազմատեխնիկական համագործակցություն, թե ուսուցման և կարողությունների զարգացում, այդ երկու ճակատն էլ շատ լավ են ընթանում»,- ասել է դեսպանը:
Նա նաև մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Հնդկաստանը ռազմավարական նշանակության արտահանման համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում։
«Ինչ վերաբերում է օդային միջանցքին, ապա, կարծում եմ, որ այդ հաղորդումները ճիշտ չէին։ Մենք իսկապես դիտարկում ենք, թե ինչպես կարելի է տեխնիկան հասցնել այստեղ՝ Հայաստան։ Սակայն, ինչ վերաբերում է այս օդային միջանցքին, ապա դա ուղղակի, կարծում եմ՝ ապատեղեկատվություն էր։ Ուստի կցանկանայի պարզաբանել այդ գրառումը: Կարծում եմ, որ մեր ռազմական համագործակցության հեռանկարներն իսկապես շատ լավն են, և մենք աշխատում ենք դրանք է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը։
Սինհան հաստատել է նաև Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի առաջիկա նշանակման մասին տեղեկությունը։
«Հիմա տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներ գնում են մեր պաշտպանական սարքավորումը։ Որպեսզի, ըստ էության, այդ գործընթացը լինի ավելի սահուն և ավելի լավ համակարգված, այդ իսկ պատճառով Ձեր նշած վայրերում պաշտպանական կցորդներ են նշանակվում։ Եվ, այո՛, իսկապես Հայաստանի համար ևս պաշտպանական կցորդ կունենանք»,- ասել է նա։
Հնդկաստանի դեսպանը, մեկնաբանելով հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել է, որ իր երկիրը մշտապես հանդես է եկել երկխոսության և դիվանագիտության միջոցով երկարաժամկետ խաղաղության հասնելու օգտին։ Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի վերջին քայլերը, այդ թվում՝ Ալմաթիում երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը։
«Այն փաստը, որ երկրներն այժմ սեղանի շուրջ խոսում են միմյանց հետ, դրանով նրանք առաջ են տանում խաղաղության օրակարգը»,- ասել է Սինհան։
Հնդկաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը Հնդկաստանի մասնակցության թեմային։ Նա ընդգծել է, որ հնդկական ենթակառուցվածքային ընկերությունները հսկայական փորձ են կուտակել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացման, ճանապարհների և երկաթուղիների կառուցման, օդանավակայանների, կամուրջների և այլնի բնագավառում։
«Այս կապակցությամբ ՀՀ ՏԿԵ նախարար պարոն Սանոսյանը ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ անցյալ տարվա հոկտեմբերին Global Indian Maritime գագաթնաժողովի համար այցելել էր Հնդկաստան։ Այդ ժամանակ նրանք կարողացան հանդիպել բազմաթիվ հնդկական ենթակառուցվածքային ընկերությունների հետ: Այդ քննարկումները շարունակվում են, և մենք հուսով ենք, որ հնդկական ենթակառուցվածքային ընկերությունները կկարողանան մասնակցել և իրենց ներդրումն ունենալ այս երկրում ենթակառուցվածքների զարգացման գործում»,- եզրափակել է նա։
Մայիսի 14-ին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները Երևանում պաշտպանության բնագավառում խորհրդակցություններ էին անցկացրել, որոնց արդյունքում ստորագրվել էր արձանագրություն՝ 2024-2025 թվականների համագործակցության ծրագրի հաստատման մասին, ձևավորվել էր պաշտպանության ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից Bharat Dynamics արտադրող ընկերությունից:
Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը զենքի մատակարարման ոլորտում։ The Economic Times-ը ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







