Հայաստանի Հանրապետությունում «Միր» քարտերի սահմանափակումը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ որոշումը կայացրել են բանկերը, ՀՀ կառավարությունը դրա հետ որևէ կապ չունի։
«Եթե չեմ սխալվում, մեր բանկային համակարգի մաս կազմող որոշ բանկեր են այդ որոշումը կայացրել, սակայն ինչքանով որ ես ունեմ տեղեկություն, կան բանկեր, որոնք չեն դադարեցրել»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ այս հարցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Ըստ նրա՝ «Միր» համակարգը միջազգային չէ, գործում է միայն սահմանափակ երկրներում, ոչ թե ամբողջ աշխարհում։
«Ուզում եմ արձանագրել, որ այս պահին Հայաստանն աշխարհի մաս կազմող երկիր է, ունենք բանկային համակարգի մաս կազմող ներկայացուցիչ բանկ, որտեղ «Միր» քարտերը գործում են։ Այլ բան է, որ այն մասսայականությունը, որը կար 1-2 տարի առաջ, այժմ չկա»,- նշել է Հակոբյանը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն աշխատել «Միր» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և պատճառված վնասի փոխհատուցման ուղղությամբ։
Մարտի 19-ին Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգը Հայաստանի վճարային համակարգից ծանուցում էր ստացել, որ մարտի 30-ից Armenian Card-ի (ArCa) մասնակից բանկերը կդադարեցնեն ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման քարտերը, որի օպերատորը փետրվարին հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։ ՎՏԲ Հայաստան Բանկը կշարունակի սպասարկել «Միր» քարտերը։