2023 թվականը մեզ համար շատ կարևոր տարի էր մի քանի տեսանկյունից, և առաջինը, որը կառանձնացնեմ, այն էր, որ մենք արել ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում՝ ռազմավարությունների հստակեցում և անհրաժեշտ հայեցակարգային աշխատանքներ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքը։
«Պետք նշեմ, որ նախորդ տարվա վերջին ԱԺ-ն հաստատել էր «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի» պետական ծրագիրը, և մենք այս տարի արդեն դրանից հետո հաստատեցինք գործողությունների ծրագիրը։ Այսինքն՝ այն կոնկրետ քայլերը, որոնցով իրականացվել է կրթության ռազմավարությունը։ Այնուհետև ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է տարվել հենց կրթության ռազմավարությամբ ծրագրված քայլերի իրականացման ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր աշխատանք է արվել կրթության և գիտության ոլորտում՝ ակադեմիական քաղաք հայեցակարգի հաստատաման շուրջ, որը նույնպես հաստատվել է կառավարության կողմից․ «Իհարկե պետք է առանձնացնեմ նաև գիտության ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք պլանավորում ենք ամբողջացնել եկող տարվա ընթացքում»,- ընդգծել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ մեծ ծավալի օրենսդրական աշխատանք են կատարել․ «Հատկապես կրթության ոլորտում կառանձնացնեի մասնագիտական կրթության և ուսուցման ամբողջությամբ նոր օրենքը, որն օրենսդրական տարբեր փոփոխությունների փաթեթ է և չեմ վախենա այդ բառն ասել՝ հեղափոխական նշանակություն է ունենալու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի որակական փոփոխության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







