Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները:
Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ձևաչափով, որը պայմանականորեն անվանվում է տնտեսական հակաճգնաժամային գործողությունների օպերատիվ շտաբ կամ պարետատուն: Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ արդեն կան կոնկրետ արդյունքներ, որովհետև արդեն իսկ կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնց վերաբերյալ շատ արագ հանրային քննարկումներ տեղի կունենան, և կկայացվեն որոշումներ:
«Մեր աշխատանքը հիմնականում 3 ուղղություն է ունենալու՝ տնտեսական հրատապ գործողություններ, սոցիալական բնույթի հրատապ գործողություններ և տնտեսական բնույթի ռազմավարական միջոցառումներ: Մենք, ըստ էության, ինչպես ասվել է, կոնկրետացրել ենք մեր պատկերացումներն այդ գործողությունների վերաբերյալ, և հիմա ավելի վստահ եմ, որ քաղաքական այն խնդիրը, որ հռչակել ենք դեռևս ճգնաժամի մեկնարկային փուլում, այն է՝ մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում, մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել և այդ նպատակներին հասնել», — նկատել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունն արդեն շատ հստակ իր ռազմավարությունն ընդգծել է, և պետք է պարզ լինի, որ այդ ռազմավարությունից չի շեղվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ապացույցներ չկան, որ դա սխալ ռազմավարություն է: «Համոզված եմ, որ այդպիսի ապացույցներ չեն լինի, իսկ էությունը հետևյալն է. մենք ոչ թե ճգնաժամի արդյունքում պետք է խեղճանանք և ուրիշներին աջակցենք խեղճանալու պրոցեսների մեջ, այլ պետք է ճգնաժամի ընթացքում ուժեղանանք և աջակցենք բոլոր նրանց, ովքեր ուզում են ուժեղանալ, ովքեր հավատում են ուժեղանալու մեր՝ համընդհանուր և նաև իրենց անհատական հնարավորություններին և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է շարունակենք։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը որոշակի ցուցանիշներ է ներկայացրել առանձին ոլորտներում շրջանառության ծավալների վրա կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ազդեցության, հարկային վճարումների և եկամուտների, ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ: Եվս մեկ անգամ անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հարկային արձակուրդ չի տրամադրելու. մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց հարկերը վճարել, և հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը՝ կառավարությունը ևս միջոցներ է ներդնելու՝ քաղաքացու հետ մասնակցելով հարկերի վճարմանը:
Խորհրդակցությանը քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին հնարավոր օժանդակության մեխանիզմներին և գործիքակազմին: Արծարծվել են գյուղատնտեսական միկրովարկավորման՝ որպես հակաճգնաժամային աջակցության արդյունավետ գործիքի կիրարկմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը միտված է լինելու և՛ ոլորտին աջակցություն ցուցաբերելուն, և՛ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գույքագրել բոլոր առաջարկությունները, լրամշակել միջոցառումների փաթեթը և հաջորդ շաբաթվա սկզբին ներկայացնել վերջնական քննարկման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







