Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը դադարեցրել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարված պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի որոշումը կապված է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի գործողությունների հետ։ Այլ մանրամասներ չի հայտնվում։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







