Մենք ունենք հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համատեղ արձանագրություն, որով նախանշված են մի շարք համատեղ ծրագրեր, և դրանցից մեկը վերաբերում է հանրակրթության ոլորտում մեր համագործակցությանը և դա ընդգրկում է մի քանի ուղղություններ: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Խոսելով դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացման մասին, նախարարն ասաց, որ այստեղ նկատի ունեն՝ թե ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, թե ուսումնական ծրագրերի և դրանց որակի բարելավումը:
«Ունենք դասագրեքերի պարբերական ներկայացման, և պարբերական հասանելիության ապահովման խնդիր, որ մենք նաև մեր դասագրքերի նոր կարգով ենք կարգավորել և կարծում եմ, որ առաջիկայում ավելի ինստիտուտցիոնալ լուծում կունենանք»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթության իրավունքի ապահովմանը, նախարարն ասաց. «Մեր 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցման դասարաններ, դրանք մեր չափորոշիչներով են գործում, առարկաների ուսուցումը իրականանում է ռուսերեն լեզվով, ավելի քան 6 հազար երեխաներ են սովորում այդ դասարաններում: Այստեղ կարևոր է, որ այդ երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն, այլ օտարերկյա կամ երկքաղաքացիություն ուենցող ծնողների երեխաներ են: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ որ կա դրա կարիքը նաև ընդլայնենք հնարավորությունները՝ հնարավորություն ընձեռելով ՌԴ քաղաքացիներին այդ կրթությունը ստանալ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







