Իշխանությունը կրկին մանիպուլյացիա է անում՝ իր պարտականությունները բարդելով ՌԴ-ի վրա: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ մտքերի փոխանակության ժամին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է:
«Ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, ձեր իշխանությունն է հանձնել Լաչինի այլընտրանքային ճանապարհը: Ձեր իշխանությունն է Արցախի երաշխավորը լինելու պարտավորություն ստանձնել: Հիմա եկել այստեղ «լոլոներ» եք կարդում՝ ասելով՝ ռուսներից պահանջեք: Ռուսներից էլ պիտի պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք՝ Հայաստանի իշխանությունը, որը երկիրը հասցրել է այս օրին»,- ասաց նա՝ անդրառնալով արդեն 9 օր շրջափակված Արցախի խնդրին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







