ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և դրա անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նա նշեց, որ համաձայնագիրն ստորագրվել է 2021 թվականին՝ Բրյուսելում, որի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով՝ առանց խտրականության և միասնական կանոններով:
«Սա ընդհանուր ավիացիոն ոլորտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը, զարգացնել ավիացիոն համակարգը, այդ թվում՝ հենվելով շուկայում ավիաընկերությունների միջև ընդունված թափանցիկ և արդար մրցակցության վրա: Դա նաև ուղիղ ճանապարհ է, որպեսզի մենք ընդունենք Եվրամիության ավիացիոն ստանդարտները, կանոնները կիրառենք: Սա, ընդհանուր առմամբ, բաց երկնքի, ազատ շուկայական մրցակցային միջավայրում ավելի մեծ համակարգերի ինտեգրվելու ընդհանուր ուղղվածության հերթական քայլն է»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ սա Միջազգային փաստաթուղթ է՝ ԵՄ երկրների կողմից ընդունված: «Սա կտրուկ քայլ է ավիացիոն անվտանգության և, ընդհանրապես, ավիացիոն եվրոպական շուկայում ինտեգրվելու համար, որը պետք է դրական գնահատել»,- հավելեց նա:
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանի, ԵՄ-ի և ԵՄ երկրների միջև միասնական ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ Բրյուսելում։



































