ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ Հայաստանն ընթացիկ տարում նախագահում է ՀԱՊԿ-ում։
«Նիստի մասնակիցները պետք է ամփոփեն ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և քննարկեն հետագա փոխգործակցության հեռանկարները»,- ասել է նա:
Ռուս դիվանագետի խոսքով՝ պլանավորված է միջազգային, տարածաշրջանային իրադրության, կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման շուրջ մտքերի խորացված փոխանակում:
Ինչպես հայտնել է Զախարովան, սպասվում է, որ նիստի արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագիրը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ երևանյան նիստի շրջանակներում Սերգեյ Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







