Թուրքիան պատրաստ է Ստամբուլում Զելենսկու և Պուտինի հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Anadolu-ն։
Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում դեմ առ դեմ հանդիպման գաղափարին։ Նա հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք նման հանդիպում կազմակերպել Ստամբուլում, հատկապես Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ քայլերի համատեքստում։ Զելենսկին դրական կարծիքի է։ Ավելի վաղ Պուտինը նույնպես դրական էր արտահայտվել։ Այսօրվա զրույցի արդյունքներով հանդիպման օրը կորոշեն իրենք՝ կողմերը։ Մենք ուրախ կլինենք, եթե կարողանանք հակադարձել բացասական գործընթացները և ուղղորդել դրանք դրական ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







