Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները, ինչի արդյունքում Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի շեմին։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական կողմի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







