2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, քանի որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ։ Այս մասին համապատասխան կարգադրություններ է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից՝ Ալեն Սիմոնյանի՝ այսօր ստորագրված կարգարդրության համաձայն 2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատվիրակության կազմում են նաև ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ ՀԱՋԻ-Հակոբյանը, ԱԺ արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը և նույն բաժնի աշխատակից, լուսանկարիչ Արաքսյա Քոչարյանը։
Պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







