Էլբրուսում 5 ալպինիստ է զոհվել։ Այս մասին հայտնել է Կաբարդինա-Բալկարիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը։ Երեկ լեռան գագաթը բարձրանալիս ալպինիստները հայտնվել էին ուժեղ ձնաբքի մեջ և օգնություն խնդրել։ Այդ ժամանակ նրանք եղել են 5400 մետր բարձրության վրա։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է փրկել 14 ալպինիստի։ Ներկայում նրանք բուժզննում են անցնում։
Զբոսաշրջիկների որոնողական աշխատանքներում ներգրավված է եղել 69 մարդ և 16 միավոր տեխնիկա։
Ընդհանուր առմամբ խմբում եղել է 23 մարդ, սակայն լեռը բարձրացել են 19-ը։ Որոնումներն իրականացվել են եղանակային բարդ պայմաններում։
Սեպտեմբերի 23-ի կեսօրին 19 ալպինիստներից կազմված խումբ է կորել Էլբրուսի լանջին՝ 5400 մետր բարձրության վրա: Խումբը բաղկացած էր 30 տարեկանից բարձր մարդկանցից, ովքեր եկել էին Ռուսաստանի 11 մարզերից. նրանք պրոֆեսիոնալ ալպինիստներ չէին: 17:10-ի սահմաններում զբոսաշրջիկներն օգնության ազդանշան են տվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով, հայտնում է Կաբարդինա-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ծառայության տվյալներով ՝ լանջին քամու պոռթկումները հասել են վայրկյանում 40–70 մետրի, ձյուն է տեղացել, օդի ջերմաստիճանն իջել է մինչև -20 աստիճան, բքի ժամանակ տեսանելիությունը չի գերազանցել մեկ մետրը: Մի քանի տասնյակ փրկարարներ սկսել են անհետ կորածների որոնումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







