Ներկա պահին մենք գործի դատաքննության փուլում ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ Արմեն Գևորգյանը հանդիսանում է ԱԺ պատգամավոր և օժտված է համապատասխան անձեռնմխելիությամբ։
Ալեքսանյանը բացատրեց, որ եթե մինչդատական վարույթում կա անձեռնմխելիությունը հաղթահարելու կառուցակարգ, ապա դատական քննության ժամանակ կա օրենսդրական բաց այն տեսանկյունից, որ չկա այն սուբյեկտը, որը պետք է դիմի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս օրենսդրական բացը լրացնելու հարցը կարող է լուծել միայն Սահմանադրական դատարանը։ Վերջինս պետք է պատասխանի, թե քրեական դատավարության օրենսգրքի 31, 35-րդ հոդվածները համապատասխանում են սահմանադրության 96-րդ հոդվածին։
Փաստաբանը նաև նշեց, որ դատարանը հստակ արձանագրել է, որ խնդիր է տեսնում անձեռնմխելիությունը հաղթահարելու մասով, իսկ եթե խնդիր կա, ապա դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվվել ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







