Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Բժշկական անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում, քանի որ դատարաններում անորոշ ժամանակով ձգձգվում են հոգեբուժարանների դիմումների քննարկումները:
Մարդիկ ստիպված են անորոշ վիճակում օրերով մնալ ազատությունից զրկված վիճակում՝ հոգեբուժարանում և սպասել, թե երբ դատարանն իրենց բուժման ավարտի կամ այլ կերպ` իրենց դուրսգրման ու ազատ արձակման վերաբերյալ որոշում կկայացնի: Սա խնդիր է նաև հոգեբուժարանի համար:
Այն վեր ենք հանել Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) կարգավիճակով գործառույթների շրջանակում և առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք: Օրենսդրական կարգավորումներն էլ թերի են»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







