ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մավրիդես Կոստասի հարցին, թե Եվրամիությունն ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ գործողություններ է իրականացնելու Ադրբեջանում ստեղծված, այսպես կոչված, ռազմական ավարի «պուրակի» դեմ։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց: Այս մասին գրառում է արել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
«Եվրամիության կարծիքով՝ մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց:
Մենք կցանկանայինք հիշեցնել, որ այսպես կոչված՝ ադրբեջանական ռազմական ավարի «պուրակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Բաքվում հայատյացության տասնամյա պետական քաղաքականության հերթական ցուցադրությունը: Ցավոք, Բաքվի այլատյացության ռեժիմի շնորհիվ, որևէ մեկի կամ որևէ հայի հանդեպ ատելության զգացումն այժմ խորապես արմատավորվել է ադրբեջանական հասարակության մեջ, ներառյալ երեխաների, դեռահասների և զինծառայողների, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ լավ փաստագրված ռազմական հանցագործությունների:
ԵՄ-ն պետք է ավելի կոնկրետ գործողություններ ձեռնարկի եւ օգտագործի ամենաբարձր մակարդակով քաղաքական ճնշումը, որպեսզի կանխի Ադրբեջանի իշխանությունների կողմից հակահայկական ատելության և ռասիզմի տարածումը: Եվ դա սկսվում է բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումից և այսպես կոչված՝ ռազմական ավարի «պուրակի» փակումից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







