ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ոստիկանության, ինչպես նաև կրթահամալիրի ղեկավար կազմը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել Պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որին, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով պարեկային ծառայողներին, նշել է.
« Շատ շուտով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է գալու նոր ծառայություն՝ Պարեկային ոստիկանություն, որը համոզված եմ՝ իր որակով, աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը և մեր երկրում իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանությանը»:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև,որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին:
Իհարկե, հասկանալի է, որ այս ծավալի ու բովանդակության բարեփոխումներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով և պիտի արձանագրենք, թե ուր ենք հասել ու առաջիկայում ինչ պետք է անենք, որ մեր անելիքները հնարավորինս համապատասխանեցնենք նախանշված ժամկետներին, ասել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







