«Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք»,- Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել: «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ՝ ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար»,-ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ այսօր այդ հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ՝ մասնավորապես գերեվարված հայ զինծառայողների վերադարձնելու մասով:
«Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք»,-ասաց նա ու կարևորեց, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ՝ օր առաջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







