Հանրային հեռուստաընկերությունը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից: Հարկատուների հաշվին աշխատող Հանրայինը գրաքննություն է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած նախընտրական հոլովակները եւ մերժել է դրանց հեռարձակումը։ Նման քայլը պետք է որակել որպես ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ ակնհայտ ու անթաքույց խտրականության դրսևորում: Նման կերպ հանրայինը սահմանափակում է քաղաքական ուժի խոսքի իրավունքը: Այս մասին հայտարարել է Ընտրությունների վերահսկման կոմիտեն:
«Ըստ նշված դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի՝ Հանրայինն առաջին տեսահոլովակը մերժել է որպես վիրավորանք, իսկ երկրորդը՝ որպես զրպարտություն: Նման որակումները զարմանալի են ոչ միայն այն առումով, որ Հանրային հեռուստատեսությունն ի՛նքն է իրավական եւ քաղաքական գնահատականներ տալիս քարոզչական նյութերին, այլեւ՝ որ իշխանական ուժի պարագայում Հ1-ը հեռարձակում է շատ ավելի կոշտ բառամթերքով, ակնհայտ հայհոյանքներով ու անհիմն մեղադրանքներով տեսանյութեր։
Հակաօրինական քայլից հետո Հանրային հեռուստաընկերությունը փորձում է նախահարձակ լինել՝ հայտարարելով, որ իրենք ենթարկվում են քաղաքական ճնշումների։ Մինչդեռ հենց Հանրային հեռուստաընկերությունն է քաղաքական որոշումներ կայացնում և իրեն իրավունք վերապահում այս կամ այն նախընտրական հոլովակը եթեր չհեռարձակել:
Կարևոր է ընդգծել նաև, որ գործող ընտրական օրենսգրքի շրջանակներում իրականացված 2017թ. և 2018թ. խորհրդարանական ընտրություններում նման որևէ դրսևորում չի գրանցվել։ ՀՌՀ-ից պահանջում ենք համապատասխան քայլերը ձեռնարկել իր վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության նկատմամբ և ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակների հեռարձակումը»,-ասված է հայտարարությա մեջ:
Հեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված էր «Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







