«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է:
Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ չընտրվեն, միեւնույնն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետերին, դպրոցների եւ բուժհիմնարկների տնօրեններին։
Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք: Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: Իսկ կամավոր մոտ հարյուր մարդ է ներկա եղել, մնացածը Փաշինյանի հետ է եկած եղել՝ Երեւանից ու այլ մարզերից»:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրենսդրության համաձայն, ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներում «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: Հայաստանում (նաև շատ երկրներում) այս պարագայում միշտ էլ նկատի է առնվում, որ կանանց թիվը 30 տոկոսից պակաս չպետք է լինի: ԿԸՀ ներկայացված ցուցակների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարզային բնակավայրերից բավական ակտիվ են հատկապես նոյեմբերյանցի կին թեկնածուները, որոնք ընդգրկված են ցուցակների պատվավոր հորիզոնականներում: Մասնավորաբար, Մանուշ Նասիբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի անցողիկ տեղում է, Արմինե Վարղամյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համարն է, Սոնա Գուլքանյանը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի երրորդը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումն արգելող որոշման ժամկետը կերկարեցվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին նոր որոշման նախագիծ է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար: Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով: Այսօր լրանում է արգելքի ժամկետը, իսկ մինչ այդ նշենք, որ Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները: Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







