Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել՝ համավարակի հետ կապված Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ուղերձում նախարար Բլոկը նշել է, որ զգացմունքային հիշողություններ ունի անցյալ տարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից և այնտեղ ներկայացված պատմություններից:
Ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու երկուստեք պատրաստակամության կարևորությունը՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել երկու երկրների միջև բազմաբովանդակ կապերը հետևողականորեն ամրապնդելու և զարգացնելու կապակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







