Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
«Խոնարհումի զգացումով, Կիպրոսի կառավարության և ժողովրդի համերաշխության և աջակցության սրտագին ուղերձն եմ հղում ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։
Այսօր, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայի կողմից վայրագորեն իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հավաքական վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ։
1,5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, երբեք չպետք է մոռացվեն, և մենք չպետք է լուռ մնանք այս վայրագ արարքի հանդեպ։ Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի և աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին՝ իրենց ամուր վճռականության և դիմացկունության համար։
Վերջին ամիսներին, Թուրքիայի հանցակցությամբ Ադրբեջանի կողմից հարձակման արդյունքում, Հայաստանը մեկ անգամ ևս ականատես եղավ հսկայական մարդկային տառապանքի։ Թուրքիայի կողմից իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի այս դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը` տարածաշրջանում ճգնաժամեր ստեղծելու միջոցով, այդ թվում՝ Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում։
Կիպրոսի Հանրապետությունը Հայաստանի մտերիմ բարեկամը, գործընկերը և դաշնակիցն է։ Մենք կիսում ենք ցավի և վշտի միևնույն զգացմունքները, քանի որ մեր երկիրը եղել և շարունակում է լինել Թուրքիայի ագրեսիվ, բռնի և կործանարար քաղաքականության զոհ»,-նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







