ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշման հրապարակումից հետո բազմաթիվ հարցեր եմ ստանում Սահմանադրական դատարանի առանձին դատավորների հայտնած դիրքորոշման կամ առհասարակ քվեարկության արդյունքներով ձայների համամասնության վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը․ Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը։
Այսպիսով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող։
Հ․ Գ․ Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածում կարող եք գտնել վերոնշյալի իրավական սահմանումը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այն սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







