«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա եւ հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ են երկու երկրների ղեկավարները հանդիպելու:
Առաջին անգամ նրանք հանդիպեցին եռակողմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, հունվարի 11-ին: Եվ չնայած այդ հանդիպման արդյունքներով հայտարարություն էր ընդունվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան էլ գոհ չէր մնացել հանդիպումից եւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել, եւ ցավալի կերպով չի հաջողվել նաեւ ամբողջովին կարգավորել ռազմագերիների վերադարձի հարցը:
Սակայն այդ հանդիպումից հետո որոշում էր կայացվել փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել եւ լուծել ապաշրջափակման հարցը: Եվ, ահա, ապրիլի 7-ին Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն երկկողմ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեր ստացած տեղեկության մասով մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս նշեց, թե նման տեղեկության չի տիրապետում:
«Այդպիսի հայցերի մասին նախապես տեղեկություն հաղորդում ենք լրատվամիջոցներին եւ հանրությանը», – նշեց նա»:
«Հրապարակ»-ը գրում է․«Արցախի հերոս, այս իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված եւ անցած տարի մահկանացուն կնքած ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է մի խումբ համախոհների, ազատամարտիկների հետ նոր ԵԿՄ ստեղծել։
Կազմակերպության անունը դնելու են «Հինգերորդ բրիգադ» ՀԿ։ Սա այն լեգենդար բրիգադն էր, որն արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը եւ որը մեր հաղթանակների սիմվոլներից էր։ Մեզ ասացին՝ արդեն իսկ անդամագրվողների հոսք կա դեպի նոր ձեւավորվող կառույցը, այդ թվում՝ Սասուն Միքայելյանի «Երկրապահից», սակայն Նազիկ Ամիրյանը ԵԿՄ անդամներին հորդորել է դուրս չգալ, կուռ պահել կառույցը, որ այն չպառակտվի։ Ասել է՝ անկախ այսօրվա ղեկավարությունից՝ ԵԿՄ-ն պետք է միշտ գործի»,-գրում է թերթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







