Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով:
«Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մարտի 15-ին հայտարարել էր, որ Բաքվի պնդումները, թե Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին, սուտ են: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների մասին տեղեկատվություն չի տրամադրում մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը զբաղվում է այդ հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում:
Նաղդալյանը հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել տեղեկացնել ԵԽ-ի Նախարարների կոմիտեին, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետները և չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Նա նաև հայտնել է, որ ներկայումս Ադրբեջանի դեմ միջոցներ են ձեռնարկվում՝ 188 հայ գերիներին վերադարձնելու հետ կապված:
Այս պահին Հայաստան են վերադարձվել 69 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







