Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվեն սոցիալական ուղղվածության այն նախագծերը, որոնք իրականացվել են Հայաստանում նախապատերազմյան շրջանում և ըստ ճյուղերի՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարվեն։
«Մենք արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և մենք այսպիսի քննարկումներով կփորձենք գործնականում իրագործել այդ ռեստարտը»,-հայտարարել է վարչապետը։
Ըստ նրա՝ հայեցակարգային առումով 2018 թ-ից մեկնարկած սոցիալական քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն չունի։ «Մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխել հաղթահարելու քաղաքականությամբ»,-նշել է վարչապետը։
«Այսինքն՝ նախկինում սոցիալական քաղաքականության մեջ առաջնորդվում էինք մարդուն օգնելու տրամաբանությամբ, որ ինքը համակերպվի որոշակի իրավիճակի հետ, համակերպվի հաշմանդամության հետ, համակարպվի աղքատության հետ, համակերպվի աշխատաշուկայում անմրցունակության հետ, բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը»,-նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձել է զինծառայողներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, նշելով, որ անհրաժեշտ հաշմանդամության կարգ, պրոթեզավորում կազմակերպելուց ավելի շատ կարևոր է մեր զինծառայողների մասնագիտական հետագա պատրաստվածության հարցը։ «Եթե մենք մեր զինծառայողներին որոշակի կարգ և անհրաժեշտ սոցիալական աջակցություն տանք, մենք դրանով կաջակցենք, որ ընդամենը իրենց համակերպենք իրավիճակի հետ, բայց մենք պետք է այնպես անենք, որ նրանք հաղթահարեն այդ իրավիճակը»,-նշել է վարչապետը։
Նա ընդգծեց, որ սոցիալական աջակցության շրջանակում մատուցվող ծառայությունները պետք է լինեն արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







