Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթա վերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Ավելի քան երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին:
Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:
Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին, ինչպես նաև արտահայտել իրենց տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ։
Նշենք, որ ՀՀ նախագահի հանդիպումները հասարակայնության ներկայացուցիչների հետ կրում են պարբերական բնույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







