ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու հնարավորությունները։ Կողմերի համոզմամբ՝ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջությունն ու հերոսությունը պետք է արտահայտվի կոնկրետ գործողություններով։
Այս գաղափարին միտված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց վերադարձնելու ծրագրեր, որոնցից են սոցիալական աջակցությունը, ինտեգրացված ուսուցումը՝ ուսման բացը լրացնելու համար, ինչպես նաև հոգեբանական ռեաբիլիտացիոն աշխատանքները:
Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով մեր երկրի համար շրջադարձային այս օրերին ուսանողներին աջակցելու վերջինիս պատրաստակամությունը։
«Բառերն ու գործողությունները միանշանակ բավարար չեն այս երիտասարդների հերոսությունը գնահատելու համար, դրանք չեն մեղմի ընտանիքների անսպառ վիշտը․ ոմանք չէին զորակոչվել, բայց որպես կամավոր անմիջապես մեկնել էին մարտադաշտ, ծառայել վտանգի մեջ գտնվող հայրենիքին․ սա ազնվության մեծ ապացույց է, իսկ ազնվությունը ՀՖՀ-ի հիմնական արժեքներից մեկն է։ Պետք է ցույց տանք մեր խորին երախտագիտությունը․ սա այն նվազագույնն է, որը կարող ենք անել»,- իր խոսքում նշել է ռեկտոր Բերտրան Վենարը։
Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս քննարկում են պատերազմի մասնակից ուսանողներին աջակցելու տարբեր փաթեթներ: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք ռազմավարական նախագծեր, որոնք միտված են Ֆրանսիական համալսարանի գործունեության հետագա ընդլայնմանը և զարգացմանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







