Ռուսաստանի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ՝ համակարգելով հետկոնֆլիկտային կարգավորման աշխատանքները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների անվերապահ կատարման կարեւորությունը։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերը թույլ են տվել կայուն հրադադարի հասնել, պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադառնալու համար:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, շարունակվում է ռուս խաղաղապահների տեղակայումը շփման գծի երկայնքով, այդ թվում՝ Լաչինի միջանցքում։ Տեղի է ունենում հայ զինվորականների դուրսբերումը Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններից:
«Այս փուլում առաջնահերթ լուծում են պահանջում հումանիտար հարցերը։ Այդ նպատակով նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի փախստականների՝ մշտական բնակության վայրեր վերադարձին աջակցելու, նրանց օգնություն ցուցաբերելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման եւ Լեռնային Ղարաբաղի շրջանում բնականոն կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու խնդիրների լուծմամբ»,-հայտնել է Զախարովան, նշելով, որ նոյեմբերի 14 -ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 3054 մարդ, նոյեմբերի 13 -ից երկու կողմերից հանձնվել է 385 զոհվածի մարմին։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է այդ ուղղությամբ համագործակցել ԵԱՀԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլն:
Մարիա Զախարովան նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 17-19- ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ:
«Նրանք խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում, նաեւ հանդիպել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ հստակեցրել զինադադարից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու գործում եռյակի հետագա անելիքը, — ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







