Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում այս պահին անդորր է։ Կեսօրից հետո հակառակորդը դադարեցրել է հրետակոծությունը Վարդենիսի և հարակից համայնքների ուղղությամբ։
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավեստյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց, որ արկերից մեկն ընկել է իր բակում. բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
«Պարիսպի մոտ է ընկել. տանը ոչ ոք չի եղել և վնասներ չենք կրել։ Եթե ուղղությունը մի 10 մետր շեղ լիներ, տունը կպայթեցներ։ Ուղղակի բախտներս բերել է»,- մանրամասնեց նա։
Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական հրթիռներն ընկել են համայնքի դաշտերում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը թիրախավորել է Վարդենիսի տարածաշրջանը և հրետակոծության ենթարկել։ Հակառակորդի ռազմական գործողությունների արդյուքնում մեկ անձ զոհվել է, այրվել է քաղաքացիական ավտոբուս։ Հիշեցենենք նաև, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։
Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







