Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱԱԾ-ն։
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- գրել է ԱԱԾ-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







