Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալի Արմեն Փամբուխչյանին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո էլ նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը՝ նպաստելով ոլորտի զարգացմանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Այնուհետև խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները զեկուցել են սեպտեմբերի 24-25-ը կատարած հիմնական աշխատանքների մասին:
Նախարար Ցոլակյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերին, համապատասխան հանձնարարականներ տվել կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումներին:
«Առավելագույն զգոնություն ցուցաբերեք. տարվա ցանկացած ժամանակահատվածում կարող ենք դեպքերի թվի ավելացում ունենալ: Դուք միշտ պետք է պատրաստ լինեք ցանկացած խնդրի կատարմանը, իսկ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու որոշում է ստորագրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







