ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայող լինելու հանգամանքը, ներազդելով 6 քաղաքացիների վրա, վերջիններիս մոլորության մեջ գցելով, հավաստիացրել է, որ կարող է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներում առանց խոչընդոտների կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու և այդպիսով՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը: Ավելին, տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու և սահմանված արագությունը գերազանցելու համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից տուգանվելու արդյունքում մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կարգավիճակի մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել վերջինիս կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկման որոշման չեղարկումը։ Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում վերոնշյալ քաղաքացիներից, մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 1.295.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։
ԱԱԾ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նշենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







