«Հրապարակ» թերթ
Միքայել Մինասյանի կալանքի հարցը փակված չէ
«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրեական գործով կրքերը չեն հանդարտվում։ ՊԵԿ քննչական վարչությունը ներկայացրել է նրան կալանավորելու վերաբերյալ արդեն 4-րդ միջնորդությունը, որի քննությունը նշանակված է այս շաբաթ։ Մեր տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն լինելու հիմքով։
Դեռ այդ ժամանակ իրավապահները՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանի ղեկավարությամբ, որոշել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մակագրել Մանվել Շահվերդյանին, ով համակարգում հայտնի է նրանով, որ 11 տարի աշխատել է որպես թավշյա իշխանությունների սիրելի դատավոր Արտուշ Գաբրիելյանի օգնական։ Սակայն կալանքի միջնորդության մուտք արվելու օրը՝ սեպտեմբերի 3-ին, Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մոռացել է, որ նշված միջնորդությունը պետք է մակագրեր Մանվել Շահվերդյանին, և այն մակագրել է նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դրանից անմիջապես հետո Մկրտչյանը զանգել է Մելիքսեթյանին և խնդրել վերադարձնել գործը, ինչին հաջորդել է Մելիքսեթյանի գրավոր դիմումը՝ ուղղված Մկրտչյանին` Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրելու խնդրանքով։ Մեր տեղեկություններով, Մինասյանին կալանավորելու համաձայնությունը դատավոր Մանվել Շահվերդյանի հետ ձեռք է բերել անձամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ով նախկին իշխանությունների օրոք ԱԱԾ քննչական վարչության պետն էր, մտերիմ հարաբերություններ ուներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ և ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից էր»։
ԼՀԿ-ն և «Իմ քայլը»՝ նույն խրամատում. թեժ մարտեր են սպասվում
«Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության վերաբերյալ փակ քննարկում է կայանալու՝ առցանց տարբերակով, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, ԵԽԽՎ նիստերն անցկացվում են առցանց։ Հայկական պատվիրակության անդամներին թեժ մարտեր են սպասվում ադրբեջանցի պատվիրակների հետ։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ են Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը։ Նրանք 2 ամիս շարունակ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ նամակագրության միջոցով ներկայացրել են իրավիճակը, այսօր Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այդ ամենն անելու են հրապարակավ։
Նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա, և Ռոջեր Գյոյլը՝ Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում է նաև Էգիդիուս Վարեյկիսի ելույթը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեն»։
ՀԱԿ շրջանակներում նպատակ են դրել հասնել Բադասյանի հրաժարականին
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների միջև կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։ Այն առաջնորդում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Սրացման առիթն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Բադասյանի վերջին հայտարարությունն է։ Անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, նախարարն ասել է, որ չնայած ամբողջությամբ ծանոթ չէ պատճառաբանություններին, բայց կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ընթացքը կապել կոնկրետ գործի հետ: Մի քանի օր է՝ այս շրջանակները «ծամում են Բադասյանի միսը»։ Նեղ շրջանակներում քննարկում են և չեն հանգստանա, մինչև չհասնեն Բադասյանի պաշտոնանկությանը։ Նախարարի նկատմամբ նեգատիվի պատճառը նաև իրենց թելադրանքին չտրվելն է։ Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ-ական իրավաբանները կարծում են, որ կառավարությունն իրենց միջոցով, իրենց սխեմաներով պետք է իրականացնի դատական բարեփոխումները, այդ թվում՝ ՍԴ կազմավորումը, և իրենք պետք է ընտրեն թեկնածուներին, սակայն Բադասյանն առաջ է տանում իր կամ սորոսական շրջանակների տեսակետը։ Մենք գրել էինք, որ Բադասյանն էր առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, չնայած հանդիպել էր ՀԱԿ շրջանակի հետ և գիտեր նրանց կարծիքը։ Արդյունքում հաղթեց ՀԱԿ տեսակետը»։
«Փաստ» թերթ
Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է.
փաստում են փակ սոցհարցումները ««Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վերջերս իշխանությունների և մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։
Ըստ մեր աղբյուրների` երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է։ Վերջին հարցումների համաձայն` նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել, մասնավորաբար ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմի՝ նոր ղեկավարով նոր սցենարի փնտրտուքը «թարմ» լիցք է ստացել, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում՝ հանրահավաքի տեսքով»:
Հանրապետականներն ակնարկում են, որ 2018-ի Աժ ընտրություններում իրենցից 50-60 հազար ձայն են «տարել»
«Երեկ, կարելի է ասել, սենսացիոն հարցադրում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, նա մասնավորաբար գրել է. «Ժողովրդավարության դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարցին ՝ 2018-ի դեկտեմբերին ո՞ւր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավել յալ ձայները»: Սա փաստորեն նշանակում է, որ հանրապետականներն ուղիղ տեքստով սկսել են խոսել այն մասին, որ 2018 թվականի ընտրություններում իրենցից 50-60 հազար ձայն իշխանությունները «տարել» են:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում ստացել էր մոտ 60 հազար ձայն, ինչը նշանակում է, որ հանրապետականներն ակնարկում են, թե իրենց պարզապես թույլ չեն տվել մտնել խորհրդարան, այնինչ պետք է լինեին խորհրդարանական երրորդ ուժը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Աշոտյանի այս հայտարարությունը պատահական չէ, և ՀՀԿ-ն այս ընթացքում նոր փաստեր է հավաքել: Մեր աղբյուրների փոխացմամբ, հանրապետականներն այս թեման լուրջ քննարկման առարկա են դարձնելու, ինչը կարող է ստվեր նետել թե՛ 2018 թվականի ընտրությունների, թե՛ ներկայիս խորհրդարանի լեգիտիմության վրա»:
Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը՝ հաջորդ շաբա՞թ
«Ինչպես հայտնի է, ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ Հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնելու է սեպտեմբերին։
Այս տեղեկությունը երեկ հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի դրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկություն ունեն հասցնել և եզրակացությունը քննարկել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի ժամանակ։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկումը «թույլատրելի» հատվածների շրջանակներում նախատեսվում է մյուս հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, եթե, իհարկե «տեխնիկական խնդիրներ» չառաջանան»:
«Ժողովուրդ» թերթ
Թեժ քննարկումներ. ծնողները դժգոհ են մանկապարտեզ հաճախելու կարգից
որ դեպքում փոփոխություններ կլինեն «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, եւ որքան էլ սեպտեմբերի 11-ից հետո այն կոչվելու է կարանտին, այնուամենայնիվ, ռեժիմը նույնն է: Եւ ինչպես բառն է հուշում, արտակարգ դրության ժամանակ ենթադրվում են ոչ դասական լուծումներ: Մանկապարտեզների թեման ողջ երկրում լուրջ խնդիր է դարձել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից պետք է վերաբացվեն մանկապարտեզները, սակայն առկա են մի քանի կանոններ, մասնավորապես՝ 10-12 հոգանոց խմբեր պետք է լինեն, առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատություն աշխատակցի երեխային, իսկ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ծնողներից ահազանգեր է ստացել, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին չեն կարողանում տեղավորել մանկապարտեզներում, ունեն 5 տարեկանից փոքր տարիքի երեխա, ինչպես վարվել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչ է անում քաղաքային իշխանությունը խնդիրը կարգավորելու համար. ի վերջո, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ունեն մանկապարտեզային տարիքի երեխա եւ կանգնած են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը համակարգում է մայրաքաղաքի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություններ է անցկացնում:
«Մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից ողջ ծավալով բացվելու են, բայց կան պարետատան կողմից ներկայացված կանոններ: Եվ, ըստ նոր կանոնների, մենք հնարավորություն կունենանք 31 հազար երեխաներից ապահովել 29-30 տոկոսի հաճախելիություն: Եթե առաջին փուլով հասկանանք, որ այս պահին թույլատրելի 10 հազար տեղը չի լրանում, եւս մի քանի խմբի կսկսենք ներառել այս համակարգում, որ կարողանան իրենց երեխաներին բերել: Ինչ վերաբերում է ընդունելությանը, քանի որ մենք հիմա ունենք հերթի մեջ սպասող անձանց, ապա նոր անձանց հերթագրումների մասին խոսք լինել չի կարող», – նշեց Վիրաբյանը:
Փառահեղ պատասխան, փառահեղ կառավարում, փառահեղ որոշում: Թվում է՝ քաղաքապետարանը քափ ու քրտինքի մեջ աշխատում է, Տիգրան Վիրաբյանը մտատանջվում է՝ ինչպես անել, որ մանուկները կարողանան իրենց կյանքի կարեւորագույն սոցիալականացման խնդիրը կարգավորել, բայց ստացվում է, ինչպես միշտ: Վատ կառավարման արդյունքում երեխաների մեծ մասը մնալու են մանկապարտեզից դուրս, իսկ շատ ծնողներ՝ գործազուրկ: Բայց գլխավորն այն է, որ Տիգրան Վիրաբյանը խորհրդակցություններ է կազմակերպում, ոչինչ, որ խնդիրը այդպես էլ չի լուծվելու: Հիշեցնենք որ հունիսից ՀՀ-ում մանկապարտեզներն ու դպրոցները փակ են, ու կոնկրետ Վիրաբյանն ու նրա՝ լրազորություններով օժտված պաշտոնյաները երեք ամիս ժամանակ ունեին այսօրվա խնդիրը կարգավորելու, արտակարգ լուծումներ գտնելու համար»:
Քաղաքացիների ո՞ր մասն է վճարել դիմակ չկրելու համար տուգանքները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել են վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, և քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության ներկայացված պատասխանում ասվում է.
«ՀՀ կառավարության մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Դիմակ չկրելու համար) կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: ՀՀ պետական բյուջե, որպես տուգանք, վճարվել է 12.100.000 դրամ»:
Իսկ հիմա մի փոքր հաշվարկ կատարենք. դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10 հազար դրամ, այսինքն՝ ստացվում է՝ իրենց տուգանքները վճարել է 1210 քաղաքացի, այնինչ կայացվել է 99.574 որոշում, և դեռ 98 364 քաղաքացի պարտավոր է վճարել 10 հազար դրամ տուգանք: Ու եթե բոլորը վճարած լինեին իրենց տուգանքները, այդ գումարը կկազմեր 995 740 000 դրամ: Նշենք, որ օգոստոսի 19-ին հրապարակված տվյալների համաձայն՝ կայացվել էր 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ստացվում է՝ մոտ տասը օրվա ընթացքում վարչական տույժերի թիվը շեշտակի աճել է: Ու թեև վարչական տույժերի թիվն ավելանում է, սակայն, միևնույնն է, քաղաքացիները չեն շտապում և չեն ցանկանում վճարել տուգանքները»:
«Ժամանակ» թերթ
Ինչ նպատակով է Ռոբերտ Քոչարյանը սոցհարցումներ իրականացնում
«Ռոբերտ Քոչարյանը ֆինանսական միջոցներ է հատկացրել Հայաստանում իբրև թե սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու համար, որի ֆորմալ նպատակը իշխանության հանրային աջակցության մակարդակի ստուգումն է:
Սակայն այս հարցման իրական նպատակը մարզերում իշխանությունից դժգոհ մարդկանց հայտնաբերումն է, որոնց հետագայում օգտագործելու են Քոչարյանի քաղաքական ծրագրերի իրականացման մեջ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







