Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր մամուլի ասուլիս է ունեցել՝ անդրադառնալու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործի նոր մանրամասներին:
«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն, իրոք, ֆարս է, բայց ոչ բոլորովին այն պատճառաբանությամբ, ինչ հիմա հայտարարում են տուժողների իրավահաջորդները։ Ֆարս է այն պատճառով, որ դատարանը ընդհանրապես պատրաստ չէ այս գործով իրականացնել արդարադատություն»,- ասել է նա։
Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանն այս գործով մեղադրողներից մեկն է, որը պատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին։
«Մենք, ըստ էության, հակառակ կողմերում ենք. մի կողմից մենք ենք՝ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, մյուս կողմից՝ մեղադրողներն ու դատարանը: Իրոք որ՝ սա կարելի է անվանել ֆարս, բայց ինչ վերաբերում է այն բանին, որ տուժողների իրավահաջորդները, Տիգրան Եգորյանը, Սեդա Սաֆարյանն են դժգոհում դատարանի գործողություններից, հնարավոր է, որ ուղղակի ուրիշ պատճառ ունեն դատավարությանը չգալու, բայց այդ ձևով փորձում են ավելի մեծ ճնշում գործադրել դատարանի վրա: Հավատացնեմ իրենց, որ դատարանի վրա արդեն իսկ ճնշում առկա է եղել մեղադրանքի կողմից, որովհետև այն որոշումները, որը դատարանը կայացնում է, դրանք այլ կերպ, քան ճնշման ազդեցության տակ, սովորաբար չեն կայացվում», — նշեց Քոչարյանի պաշտպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







