Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներն ու ներկայացուցիչները չեն մասնակցել դատավարությանը՝ ի նշան բողոքի դատախազության մեղմ գործողությունների դեմ։
Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը։ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատակոչված 102 անձանց որպես տուժող դատակոչի ցուցակից հեռացնելու և նրանց այս գործով որպես վկա ներառելու մասին։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ միջնորդությունը հիմնավորված չէ․ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները կշարունակեն մասնակցել սույն քրեական գործին։
«Դատարանի որոշումը հագեցած էր իրավական տերմինաբանությամբ, բայց զուրկ էր իրավական բովանդակությունից»,- իր հերթին հայտարարել է Հայկ Ալումյանը։
Հավելենք նաև, որ դատարանի որոշման դեմ առարկեց նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







