ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ-ի մորից՝ Մ. Մ-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղահատեր, ինչպես նաև՝ 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ-ին փոխանցելու համար, Մ. Մ-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։
2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից Մ. Մ-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







