ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնությունում տարիներ առաջ տեղի ունեցած դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է քննչական կոմիտեն։
Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 50-ամյա բնակիչը՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում, 2015 թ. հոկտեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթուհու հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով՝ պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով, բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







