«Ժողովուրդ» թերթ
Թեժ ընտրություններ Գյումրիում․ Սամվել Բալասանյանն ու որդին պլաններ են գծել
«Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքի ղեկավարի ընտրությունները կարող են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետ Սամվել Բալասայանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը, պլաններ են գծել՝ կրկին Գյումրին իրենց ձեռքում պահելու համար: Միսակ Բալասանյանն արդեն ջերմ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։
Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան, որ Միսակ Բալասանյանը պլանավորել է ընտրությունների ժամանակ «խաղի մեջ» ներքաշել Օիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որը Բալասանյանների հետ մտերիմ է. նրա հեղինակությամբ կաշկանդված բոլոր հնարավոր թեկնածուները մի կողմ կքաշվեն, իսկ արդեն հարմար պահի հրապարակ կնետվեն մի քանի կոմպրոմանտներ, որոնք Միսակ Բալասանյանն ունի Արթուր Ալեքսանյանի դեմ։
Այսպիսով՝ միակ թեկնածուն կմնա հայր Բալասանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք պատրաստվում է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնոնում, հայտարարեց. «Շուտ չի՞ այդ հարցերը տալու համար. ես փողոցներ եմ սարքում, հետո՝ քաղաքական է պրոցեսը. շատ շուտ եք տալիս հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: «Մենք պատրաստվում ենք ցանկացած քաղաքական պրոցեսի, բայց ես այս պահին որևէ մեկին չեմ աջակցում»,-նշեց նա: Իսկ ահա, Արթուր Ալեքսանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն եղան»։
ԱԱԾ-ն ցուցակ է հավաքել. ԲՀԿ-ականների դեմ քրեական գործեր կհարուցվեն
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու:
Մեր տեղեկություններով՝ նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել և այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել. պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն:
Ու, ըստ մեր տեղեկությունների, հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում:
Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականներ ևս լքեն խմբակցությունը և կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեև, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից»:
«Հրապարակ» թերթ
Չի բացառվում, որ ԱԺ աշնանային նստաշրջանում ԼՀԿ-ն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի
«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի. չի բացառվում, որ ընդդեմ նախարարի բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տևական ժամանակ է՝ «Կամք» հասարակական կազմակերպությունն է Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր կազմակերպում։ ՀՅԴ երիտթևն է պայքարում, նրանց միացել են նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:
Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր: Օրերս էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ»,- ասել էր նա։
Տեղեկացանք նաև, որ չի բացառվում, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում են կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»,-գրում է թերթը։
«Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձևավորվել Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ. նա անակնկալի է բերել բոլորին
«Իմ քայլում» անվստահության մթնոլորտ է ձևավորվել Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։ Կարծում են, որ Վարդանյանն ունի բավարար պոտենցիալ և կարող էր ՍԴ-ի մասով իրենց քայլերն այնպիսի տեսքի բերել, որ իշխանությանն այդքան չքննադատեին։ Իսկ թե ինչու չի արել՝ վարկածներ են շրջանառվում։
Վարդանյանը Արարատ Միրզոյանի «պրոտեժեն» է, և ոմանք նրա քայլերից հեռուն գնացող հետևություններ են անում, որ Միրզոյանն իր քաղաքական շահերն է առաջ տանում՝ իր ամենամտերիմ անձանց միջոցով։ Պատահական չէ, որ Վարդանյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների և անգամ իր խմբակցության գործընկեր Վահագն Հովակիմյանի, դեմ է քվեարկել ՍԴ-ի և վճռաբեկի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելն օրակարգ մտցնելու հարցին։
Երեկ էլ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Վարդանյանի առաջարկը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Հանձնաժողովում քննարկվում էր իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին տալ լիազորություն՝ նշանակելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Այդ հանձնաժողովում թափուր պաշտոն կա, ու այն լրացնելու համար անհրաժեշտ է մրցութային խորհուրդ ձևավորել, իսկ դա այս պահին հնարավոր չի լինում անել, որովհետև վերջին ներկայացուցիչը, ըստ օրենսդրական ձևակերպման, խմբակցությունների համախոհությամբ պետք է նշանակվի: Ուստի որոշում կայացնել չի հաջողվել:
Մինչև արձակուրդն այս նախագիծը քննարկվեց խորհրդարանում, արժանացավ ընդդիմության քննադատություններին, ԱԺ նախագահին մեղադրեցին իր լիազորություններն ընդլայնելու մեջ։ Երեկ հանձնաժողովում նախագիծը քվեարկության դնելուց րոպեներ առաջ Վարդանյանը հայտարարեց, որ ինքն այլ առաջարկ ունի, որ ոչ թե ԱԺ նախագահը նշանակի, այլ ընտրվի ԱԺ խորհրդի կողմից, իսկ խորհրդում ընդգրկված են նաև ընդդիմության ներկայացուցիչներ: Առաջարկից անակնկալի եկավ նաև նախագծի հեղինակը և փորձեց հասկանալ՝ արդյոք առաջարկը Սահմանադրության հետ խնդիր չունի։
Ի վերջո, որոշեցին նախագծի քվեարկությունը հետաձգել և ուսումնասիրել հարցը։ Ակնհայտ է, որ Միրզոյանը չի ցանկանում այս փուլում քննադատությունների թիրախ դառնալ»:
«Ժամանակ» թերթ
Պարալիզացված վիճակ. բանկերը շարունակում են վարկեր չտրամադրել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ պարալիզացված վիճակում: Գործարարները բողոքում են, որ բանկերն, ըստ էության, հրաժարվում են վարկեր տրամադրել:
Բանկերը ոչ թե չոր մերժում են վարկերի տրամադրումը, այլ անորոշ ժամանակով հետաձգում, քանի որ նրանք էլ մտավախություն ունեն, որ տնտեսական ներկա պայմաններում գործարարները չեն կարողանա կատարել իրենց պարտավորությունները, մանավանդ որ ժամկետանց վարկերի քանակը գնալով ավելանում է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







