Հուլիսի 14-ից մինչ օրս, երբ սկսեցին գործել Բեյրութ-Երևան թռիչքները, Լիբանանից Հայաստան են ժամանել 1000-ից ավելի լիբանանահայեր, որոնց գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Պայթյունի պատճառով հայրենիք ժամանած մեր հայրենակիցները Բեյրութում կրել են որոշակի կորուստներ, տները վնասվել են կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն»,- հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Նշվում է, որ դեռևս պայթյունից առաջ Բեյրութ-Երևան չվերթներն իրականացվում էին 2 ավիաընկերությունների կողմից՝ շաբաթական մեկ չվերթ պարբերականությամբ: Պայթյունից հետո չվերթների թվաքանակը կրկնապատկվել է:
«Հայրենիք վերադարձած լիբանանահայերի գերակշիռ մասը Հայաստանում ունեցել են բնակարաններ կամ վարձակալել են, ընդ որում՝ զգալի մասը բնակվում են հարազատների հետ. տեղի է ունեցել ընտանիքների վերամիավորում: Այս ընթացում գրասենյակին տարբեր առաջարկներով՝ ազատ բնակարաններ, աշխատանքով ապահովում և այլն, դիմել են բազմաթիվ հայաստանցիներ, որի արդյունքում մի քանի լիբանանահայեր ժամանակավորապես փոխադրվել են նոր կացարան, գտել են աշխատանք»,- հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Նշվում է, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը կհաստատի լիբանանահայերի աջակցության փաթեթը, որը ներառում է առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական, հարկային և այլ բաղադրիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







