«Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան։ Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների մասին»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Ապրիլյան պատերազմի թեմայով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ ինչպես ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահն է ասել, «պատերազմի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իջեցված հրահանգին»։
«Այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը, այսինքն՝ ի՞նչ հրամանի մասին է խոսքը, առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը, որն արդեն գործողության մեջ էր։ Ի պատիվ պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի՝ կարող եմ ասել, որ բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են։ Այսինքն՝ այդ միջոցառումների պլանը ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ որ դրանք գործողության մեջ են դրվել»,- ասաց երրորդ նախագահը։
Սարգսյանը նաև նշեց, որ ռազմական գործողությունների սկիզբը անակնկալ էր։
«Միշտ այդպես է լինում, ցանկացած վատ բանի սպասելիս, նույնիսկ, երբ այդ վատ բանը վրա է հասնում, անակնկալ է լինում, իսկ ԶՈՒ-ում կոնկրետ այդ պաշտպանությունն իրականացնելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ կան։ Պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակության զինվորներ ունենալ, ի վերջո, այդ զինվորները պետք է հանգստանան, նրանք պետք է մարտական պատրաստվածությամբ զբաղվեն և այլ հանգամանքներ ևս կան։ Մեր բանակը այնքան կազմակերպված է գտնվել, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց, ու թշնամին ընկրկեց»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







