Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի ակտը:
«Դա ուղղակի զզվելի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Կալիֆոռնիայում»,-իր թվիթերյան էջում գրել է նահանգապետը:
Միջադեպին անդրադարձել է նաև Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ նշելով, որ հայկական դպրոցի նկատմամբ հարձակումն ատելության հիմքով իրականացված հանցագործություն է, որի դրդապատճառն Ադրբեջանի ագրեսիան է ընդդեմ Հայաստանի:
«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,-հավելել է փոխնահանգապետը:
Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյում գտնվող Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական հայկական դպրոցը և դրան հարող հայկական համայնքային կենտրոնը հուլիսի 24-ի գիշերը վանդալիզմի են ենթարկվել․ շենքի արտաքին պատերին ադրբեջանամետ գրաֆիտիներ են հայտնվել: Կատարվածը դատապարտել են ԱՄՆ Հայ դատ հանձնախումբն ու Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







