Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը տեղեկացրել է, որ «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո պարզեցվել են նաև ընթացակարգերը. հայրենադարձն արտոնությունը և ապրանքներն ստանում է շատ արագ. «Վերջին փոփոխությունները դյուրացրել են մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց արտոնության տրամադրումը: Արդեն շուրջ երեսուն քաղաքացի ստացել է արտոնություն: Այս պահին ՊԵԿ-ն ուսումնասիրում է ևս հինգ քաղաքացու դիմում»:
Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ` ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, այնուհետև դիմել ՊԵԿ։ Սակայն եթե քաղաքացին սկզբում դիմում է ՊԵԿ, կոմիտեն քաղաքացու փոխարեն հարցում է կատարում անձնագրային և վիզաների վարչություն` կցելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։
«Ամբողջ գործընթացը տևում է միջինը 2-3 օր: Եթե ֆիզիկական անձը նախօրոք ներկայացնի ոստիկանությունից իրեն մշտական բնակության անձ ճանաչող փաստաթուղթը, ապա այդ ժամանակը կկրճատվի և մաքսային մարմնում կտևի մոտավորապես մեկ օր»,-վստահեցրել է Վաղինակ Ջանինյանը` հավելելով, որ հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների օժանդակությամբ, և տևում է առավելագույնը 1-1.5 ժամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







