Վիրավորների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի և պաշտպանության նախարարության ներկայացրած թվերի միջև ոչ մի իրական հակասություն չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վիրավորների թվի վերաբերյալ ՔԿ-ի ու ՊՆ-ի ներկայացրած թվերի տարբերությանը (ՊՆ-ն հայտնել է 20 վիրավորների մասին, իսկ ՔԿ-ն՝ 36)։
«Տարիների ընթացքում առիթ ունեցել ենք այս հարցին անդրադառնալու, հիմա նույն իրավիճակն է․ 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասը՝ ոտի վրա, բժշկական միջամտության կարիք էլ չի եղել, զինվորները արագ վերադարձել են շարք, 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում է բուժվել, 10-ից 5-ի վիճակը բարդ է, 1-ին՝ ծայրահեղ ծանր»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա պարզաբանեց, որ քննչական մարմինները ցանկացած աննշան վիրավորման՝ շոկի դեպքում էլ որոշակի վարույթ են իրականացնում, հետևաբար այդ պարագայում թվերի որոշակի տարբերություն է առաջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







