Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
«Հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։ Ավելի ուշ հայտնի է դարձել ևս մեկ զինծառայողի մահվան մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







