ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին կազմակերպել էր հանդիպում Հայաստանում աշնանացան ցորենի տեղական սերմարտադրողների և ներկրողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագրի պայմանները, պետության կողմից տրամադրվող աջակցության սահմանաչափն ու ծրագրին մասնակցելու ընթացակարգը:
Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
«Այս ծրագիրը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել մեր ֆերմերների վարքագծային փոփոխությանը, որ նրանք գիտակցեն բարձորակ սերմ օգտագործելու կարևորությունը, ավելի ամուր կապ հաստատվի ֆերմերի և տեղական սերմարտադրողի միջև, ինչպես նաև կարողանանք ցույց տալ, որ այս ոլորտը նույնպես կարող է շահութաբեր լինել», — նշել է փոխնախարարը:
Արման Խոջոյանը նշել է, որ ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։
Միաժամանակ նա հավելել է, որ այս մարզերի ընտրությունը ծրագրի իրականացման համար պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են ՀՀ ընդհանուր ցորենի ցանքատարածությունների շուրջ 95%-ը:
Մանրամասները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







