Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 86 կողմ ձայներով ընդունվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը։
Ըստ օրենքի ընդունման՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Օրենքի նախագծի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասել է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո են Սոֆիա Հովսեփյանի հետ նախաձեռնություն սկսել՝ փորձելով գույքագրել զոհված զինծառայողների խնդիրները։
«Հանգեցինք այն մտքին, որ տարիներ շարունակ մեր տուժած քաղաքացիներին օգնությունը միշտ տրվել է գումարի տեսքով՝ դրանով իսկ ավելի աղքատացնելով մեր քաղաքացիներին։ Ասում է՝ եթե ուզում ես մարդուն աղքատացնել, գումար տուր նրան։ Եվ այդ իսկ առումով օրենքի այս նախագիծը շատ կարեւոր է, որովհետեւ առաջին հերթին մտածողության եւ աջակցության տիպի փոփոխություն է տեղի ունենում։ Պետությունը այլեւս կախյալ, ուզվոր չի սարքում քաղաքացուն, այլ տալիս է ուսման գործիք։ Ուսումն է, որ վաղը հնարավորություն է ընձեռելու քաղաքացուն գումար վաստակել։ Այս օրենքով փոփոխվում է աջակցության տեսակը, որով մեր քաղաքացիները ապագայում շատ ավելի մեծ գումարներ կվաստակեն»,- իր ելույթում ասել է Գեւորգ Գորգիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







